«Կոմիտասյան օրեր» նախագծի շրջանակում այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հինգ տասնյակից ավելի սովորողներով և դասավանդողներով Վայոց ձորում ենք։ Ուսումնական ճամփորդության առաջին կանգառը 2008թ. հնագետների կողմից հինգ հազար հինգ հարյուր տարեկան թվագրվող, էնեոլիթյան դարաշրջանի աշխարհում,դեռևս, ամենահին կաշվե կոշիկի (տրեխ) հայտնաբերման կենտրոն` քաղաք Արենին էր։
Լուսանկարները` Մարիամ Մնացականյանի
Արենիի քաղաքապետի և տեղացիների ջերմ ըդունելությունից հետո եկեղեցու բակում կատարեցինք կոմիտասյան պարերգեր ու անցկացրինք առավոտյան, միասնական ժամերգություն։ Այնուհետև շարժվեցինք դեպի մարզկենտրոն Եղեգնաձոր։
Պայմանավորվածության համաձայն` 11։00-ին Եղեգնաձորի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում` Եղեգնաձորի երաժշտական դպրոցի, մշակույթի պալատի, Հերմոն գյուղի հիմնական դպրոցի, Գողթանիկի հանրակրթական դպրոցի, Եղեգիսի դպրոցի, Քարագլուխ գյուղի դպրոցի հանդիպման մեկնարկը տրվեց միասնական կոմիտասյան պարերգերով, որից հետո եկեղեցու ներսում միասնական և անհատական- հոգևոր կատարումներով ամրապնդվեցին կրթական և բարեկամական` Երևան-Վայոց ձոր կամուրջները։
Այդ ամենին հետևեց Եղեգնաձորյան երկուժամյա թափառումներն ու այցելությունը տեղի երաժշտական դպրոց։ Ըստ նախագծային առաջին օրվա ծրագրի սեբաստացիների մի խումբը 14։00-ին շարժվեց դեպի Նորավանք, մյուս խումբն էլ` Արատեսի դպրական կենտրոն։
Նունե Խաչիկօղլյանի առաջնորդությամբ Նորավանքի բակից պարերգերով ու կոմիտասյան երգերով քայլեցինք վանքից, մոտավորապես, 300մ հեռավորության վրա գտնվող մի քանի տարի առաջ պեղված միջնադարյան մատուռը։ Մեր համար փոքր էքսկուրս անցկացրեց Տեր Սահակ քահանայի հետ սրբատեղին բացահայտած տեղի բնակիչ Լիպարիտ պապիկը։
Մեծ տպավորություններով շարունակեցինք ճանապարհը դեպի նախկինում ադրբեջաներենով Չանախչիփ կոչվող ( հայերեն թարգմանությամբ` ափսե լվացող), ներկայում` Արարատի մարզի Զանգակատուն գյուղը։ Այցելեցինք Պարույր Սևակի տուն- թանգարան։ Թանգարանի ներսում մեզ հնարավորություն տվեցին երգել` Սևակի ռոյալի նվագակցությամբ, որից հետո գնացինք բանաստեղծի շիրիմը տեսնելու։
Մայրամուտը դիմավորեցինք Սուրբ երրորդության բակում ու բաժանվեցինք վայոցձորյան վառ օրվա գեղեցիկ տպավորություններով։