«Գութան» փառատոնն արդեն 6 տարի է անցկացվում և ամեն տարի այն հարթակ է նոր խմբերին ի հայտ բերելու և ազգային երգ ու պարի մյուս խմբերին մեկ բեմում և մեկ գաղափարի շուրջ հավաքելու: Մի քանի անգամ եմ մասնակցել «Գութանին» «Ակունք» համույթի կազմում` Երևանում, Արցախում, բայց այս տարին առանձնահատուկ էր նրանով, որ բոլոր խմբերի նման ներկայացնում էինք ոչ միայն որևէ տարածաշրջնի մշակույթ, այլ փառատոնի գաղափարի շուրջ էինք հավաքվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ մանկավարժներով:
Մասնակցության նախաձեռնությունը` Հայարփի Անանյան և Հասմիկ Գրիգորյան զույգինն էր:
Օրերի աշխատանքից հետո եկավ օգոստոսի 23-ը: Էմոցիաներ, հուզում-հուզմունք, անհանգստություն, լարվածություն, զարմացած հայացքներ, կարոտած դեմքեր, հարազատ աչքեր, ողջունող ձեռքեր, ծափեր, ոգևորող բացականչություններ, շնորհավորանքներ և հորդորներ… Երեկոն այդպիսին էր: Ու օրն ինձ համար, մեկ է, ավելի շատ «մարտահրավերի» օր էր բոլոր մանկավարժներին, անկախ մասնագիտությունից: Մանկավարժներ, ովքեր կրողն են ու տարածողը հեղինակային մանկավարժության, կարողացան ներկայանալ մի հարթակում, որտեղ «ընդունող հանձնաժողովը» տարիների պատմություն կերտած «Ակունքն» է` իր Սարգիս Բաղդասարյան, Սրգիս Ալավերդյանով, «Վան» համույթը` Հարություն Փանոսյան և Անդրանիկ Հովհաննիյանով, Կոմիտասագետ, մաեստրո` Արթուր Շահնազարյանը և, իհարկե, կրթահամալիրի սովորողներն ու իրենց ծնողները, որոնց ոգևորիչ ծափերն արդեն դրական գնահատանքի վառ ապացույցն են:
Պատիվ է նույն կազմում լինել, որպես մանկավարժ ` Մարինե Մկրտչյանի հետ, ում առաջարկով և ընտրությամբ էլ կատարեցինք մեր ծրագրի կոմիտասյան երգը:
Օրը մեկ այլ կարևորություն ուներ ինձ համար: Կրթահամալիրում` մեկ տարի առաջ իմ կողմից ստեղծվել է «Ակներ» համույթը և մենք «Գութան» փառատոնին ներկայացանք իմ նախագծած տարազներով: Երազանք է ինձ համար եղել, որ իմ սովորողներն ու իմ պումբը ունենան տարազներ, որը դետալներով շատ նման է այն տարազին, որը ես կրել եմ ամենաառաջին բեմելիս ժամանակ: Երազանքս, այլևս իրականություն է: