Մայիսի 16-ից 18-ը կրթահամալիրում կրկին հանրապետության դպրոցների ուսուցիչների վերապատրաստման եռօրյա դասընթացներ էին։ Այս անգամ երաժիշտների խումբը Արագածոտնի մարզի Թալինի շրջանի գյուղերից էին։ Մեկ երկու հարց և բոլորի հետ ընդհանուր ծանոթներ գտա։ Առաջին օրը վերապատրաստվողներ երաժիշտների հետ դասընթացն անցկացրել էր իմ տաղանդաշատ խմբավար և գործընկեր Նարինե Դավթյանը։ Աշխատանքները սկսեցի մայիսի 17-ին և ամփոփումը եղավ մայիսի 18 -ին` երբ վերապատրաստվողները մասնակից եղան Միջին դպրոցի կազմակերպած մեր Համբարձման ծեսին։
Նախապես հասցրել էինք ուսումնասիրել Համբարձման ծեսը։ Նախատեսված ծրագիրը մասամբ ծանոթ էր մասնագետներին։
Շատ սիրել էին և տպավորվել էր Նարինեի սովորեցրած` Անուշ հանրակրթական նախագծի ` «Ծառի տակին կար կանեմ» երգը։ Սովորեցինք նաև «Զուլո» , Համբարձման-անուշ-գիշեր-է , Վիճակի-երգ Հեյ-գյուլ-եմ երգերը և արդեն միասնական կատարումը եղավ միջին դպրոցի սովորողների հետ։
Անպայման պետք է նշեմ, որ վերապատրաստվողները շատ ոգևորված էին և տպավորված։ Անկեղծացան, որ անգամ չեն ենթադրել, որ երեք օրվա ընթացքում այսքան ինֆորմացիայի պաշարով և վառ տպավորություններով են գնալու կրթահամալիրից։