«Ուսումնական Արագածոտն» նախագծի շրջանակում փետրվարի ութին Աշտարակի Օհանավան գյուղում էինք։ Ըստ ընթացակարգի նախագծի սկիզբը տրվեց դպրոցում։
Ներկայացվեցին ուսումնական նախագծեր, սովորողները որպես իրենց հետաքրքրությունների արտահայտման հարթակ, ուսումնական ընթացքի կարևոր մաս ներկայացրին բլոգները, կատարեցինք շրջայց դպրոցով, որից հետո նախագծի հաջորդ փուլն իրականացնելու համար սկսեցինք մեր փոքր քայլարշավը դեպի գյուղի եկեղեցին` Հովհանավանքը։
Օհանավան գյուղի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի սովորող Բաբկեն Արշակյանը Հովհանավանքի մասին տրամադրեց մեծ տեղեկատվություն, բայց Հովհանավանքում ինձ համար ամենատպավորիչը «Տեր ողորմեա» շարականի միասնական կատարումն էր։
Մի քանի շարական- աղոթքներից և Տեր Օշին քահանայի օրհնությունը ստանալուց հետո` ուսումնական պարապմունքը շարունակեցինք եկեղեցու բակում, որտեղ ուսուցանվեց «Բարեկենդանի» տոնին նվիրված մի քանի ազգային պարերգեր։
Այնուհետև կիրճի եզրին նստած Տերյանից միասնական ընթերցումներ եղան ու արդեն ընկերացած վերադարձանք դպրոց։ Բակում Բարեկենդանի տոնին վերաբերող մի քանի հարց ու պատասխանից հետո պարերգերի երկրորդ մասն էր` կրտսեր դպրոցի սովորողների հետ։
Ուսումնական նախագծով համագործակցային այցի արդյունքն` այս լուսանկարում։